Ադրբեջանի ԱԳ նախարար. Մեզ ցավ է պատճառել Գուդաուրիում ուղղաթիռի կործանման լուրը, Ադրբեջանը կանգնած է Վրաստանի կողքին այս դժվարին պահին
Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր ցավակցությունն է հայտնում Վրաստանին։
«Մեզ շատ վշտացրեց Գուդաուրի հանգստավայրի շրջանում սահմանային ոստիկանության ուղղաթիռի կործանման լուրը։ Մեր խորը վիշտն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և Վրաստանի բարեկամ ժողովրդին։ Ադրբեջանը կանգնած է Վրաստանի կողքին այս դժվարին ժամանակաշրջանում»,- ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարության մեջ։
ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 29-ին Գուդաուրիի մերձակայքում երկու մարդ պարապլանով թռչելիս ընկել է ժայռոտ լանջին։ Փրկարարական աշխատանքներին ներգրավվըլ է սահմանապահ ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որը միջոցառման ժամանակ կորցրել է կառավարումը և կործանվել։ Ուղղաթիռում եղել են անձնակազմի չորս անդամներ, ինչպես նաև ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության երկու փրկարար և Առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի երկու բուժաշխատող։ Ինչպես հայտնել է վթարի վայր ժամանած ներքին գործերի նախարար Վախտանգ Գոմելաուրին, ուղղաթիռում գտնվող բոլոր ութ մարդիկ զոհվել են։ Ներքին գործերի նախարարի խոսքով՝ զոհվել է նաև օտարերկրյա զբոսաշրջիկը, ում փրկության համար տարվում էին փրկարարական աշխատանքները։ Բացի այդ, պարապլանիստի ընկնելու հետևանքով վիրավորված մեկ մարդ տեղափոխվել է կլինիկա։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցական նամակում նշել է, որ Գուդաուրիում տեղի ունեցած ողբերգության պատճառով հուլիսի 30-ը երկրում սգո օր է հայտարարվել։