Ադրբեջանը պերսոնա նոն գրատա է հայտարարել երկու ֆրանսիացի դիվանագետների
Ադրբեջանը պերսոնա նոն գրատա է հայտարարել երկու ֆրանսիացի դիվանագետների

Երկու ֆրանսիացի դիվանագետներ Ադրբեջանում պերսոնա նոն գրատա են հայտարարվել,- ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ըստ նախարարության՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Ան Բույոնը կանչվել է նախարարություն՝ տեղեկացնելու, որ Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ վտարվել են երկրից՝ իրենց դիվանագիտական ​​կարգավիճակին անհամատեղելի գործողությունների համար։ Արտաքին գործերի նախարարությունը նրանց 48 ժամ է տվել երկիրը լքելու համար։

Թե կոնկրետ ինչով է պայմանավորված դեսպանատան աշխատակիցների արտաքսումը, հայտնի չէ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ հայտնաբերվել է ֆրանսիական լրտեսական ցանց, որի գործունեությունը տարածվել է Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, Ուկրաինայում և Մոլդովայում։