Ադրբեջանը մեղադրում է Ջոզեֆ Բորելին Հայաստանի օգտին կողմնակալ լինելու մեջ
Ադրբեջանը դատապարտում է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավար Ջոզեֆ Բորելի հայտարարությունները և նրան մեղադրում հօգուտ Հայաստանի կողմնակալության մեջ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ «Ռազմական ագրեսիա իրականացրած հայկական կողմի մասին Ժոզեֆ Բորելի հիմնավորումը համարվում է Հայաստանի ռազմական սադրանքների անտեսում»։
«Ցավոք, ԵՄ-ն անտեսում է դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինվորի վիրավորումը հինգ ամսվա կայունությունից հետո՝ առանց որեւէ սադրանքի։ Սադրանքին ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած քայլերը միանգամայն ադեկվատ էին և լոկալ։ Այս միջոցները խոչընդոտեցին նաև ռազմական էսկալացիայի սրմանն ուղղված Հայաստանի ջանքերին։ Միաժամանակ ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ ցավալի է, որ զինված ուժերը դուրս բերելու ԵՄ բարձր ներկայացուցչի առաջարկը գործնական նշանակություն չունի։ ԵՄ կողմը պետք է հաշվի առնի, որ Հայաստանի կողմից ԵՄ առաքելության պաշտպանության տակ գտնվող սահմանային շրջաններում տեղակայված վարձկանները վտանգ են ներկայացնում ադրբեջանցի զինվորականների և քաղաքացիական անձանց կյանքի համար», – ասված է հայտարարության մեջ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ Հայաստանի նկատմամբ միակողմանի դիրքորոշմամբ Ջոզեֆ Բորելը անջրպետ է ստեղծում Ադրբեջանի և ԵՄ կառույցների միջև և արդյունքում լիովին մեկուսացված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից։
Հիշեցնենք, որ ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի նիստից հետո ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավար Ջոզեֆ Բորելը հայտարարել էր, որ Հայաստանի կողմից ադրբեջանցի զինվորականների դեմ կրակոցները ափսոսանք էին պատճառում, սակայն Ադրբեջանի պատասխանը անհամաչափ է՝ անտեսելով Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունն այն մասին, որ միջադեպն ամբողջությամբ կհետաքննվի։
Բորելի խոսքով՝ միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս ուժերի տարանջատման հրատապ անհրաժեշտությունը, որին երկար ժամանակ պաշտպանում է Եվրամիությունը։