Ադրբեջանը դիտարկում է Եվրախորհրդից դուրս գալու ընթացակարգը՝ ի պատասխան Խորհրդարանական վեհաժողովի որոշման, որը հրաժարվել է հաստատել Ադրբեջանի պատվիրակության հավատարմագրերը, հայտնում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը։
Ըստ լրատվամիջոցի՝ Բաքուն նույնպես կարող է հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության ճանաչումից։
«Մենք այս նախաձեռնությունը համարում ենք Ադրբեջանի ընտրական գործընթացին միջամտելու միտումնավոր և անընդունելի փորձ և մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը խաթարող վնասակար գործողությունների վառ օրինակ։ Մեր պատվիրակության լիազորությունների վավերացումից հրաժարվելը լուրջ հարված կլինի Եվրոպայի խորհրդի հեղինակությանը և անաչառությանը, և դրա լուրջ և անդառնալի հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու են նրա նախաձեռնողները»,- ասված է ադրբեջանական կողմի հայտարարության մեջ։
Ադրբեջանական պատվիրակությունը վեհաժողովի որոշումը գնահատում է որպես սպառնալիք և շանտաժ։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հրաժարվել է վավերացնել Ադրբեջանի պատվիրակության հավատարմագրերը։ Բացի այդ, Ադրբեջանի պատվիրակությունը հունվարի 24-ին այս հարցի վերաբերյալ հայտարարություն է արել, որտեղ նշվում է, որ դադարեցնում են հարաբերությունները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ։