Ադրբեջանական մեդիայի տվյալներով՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը փակում է իր գրասենյակը երկրում
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP) փակելու է իր գրասենյակը Ադրբեջանում։
Այս մասին տեղեկությունը ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը տարածել է՝ հղում անելով կազմակերպությունում գտնվող աղբյուրին։
Կազմակերպությունում լրատվամիջոցին հայտնել են, որ Բաքվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակը վաղվանից կփակվի։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մարտ ամսին ՄԱԿ-ի զարգացման համակարգման գրասենյակի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Գի Յոպ Սոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այսուհետ Ադրբեջանի համագործակցությունը ՄԱԿ-ի մի շարք կառույցների հետ կիրականացվի դրանց կենտրոնակայանների մակարդակով։
Ինչպես նշում է ադրբեջանական կողմը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը վերածվել է աջակցություն ստացող երկրից գլոբալ օրակարգի խթանող պետության, առաջնահերթ է դառնում համագործակցությունը ՄԱԿ-ի այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ի բնակեցման ծրագիրը, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագիրը, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը և այլ համապատասխան կազմակերպություններ։