Ադրբեջանական լրատվամիջոցներ – Ադրբեջանի և Վրաստանի միջև երկաթուղային ուղևորափոխադրումները կմեկնարկեն մայիսի վերջին
Ադրբեջանի և Վրաստանի միջև երկաթուղային ուղևորափոխադրումները կմեկնարկեն մայիսի վերջին։
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Ադրբեջանը և Վրաստանը համաձայնության են եկել, որ առաջին գնացքը կշարժվի Վրաստանի անկախության օրվա՝ մայիսի 26-ի, և Ադրբեջանի Հանրապետության օրվա՝ մայիսի 28-ի կապակցությամբ։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը դեռ շարունակում են քննարկել որոշ մանրամասներ, այդ թվում՝ սակագները։ Տարածված տեղեկության համաձայն՝ «Վրաստանի երկաթուղին» արդեն սահմանել է միակողմանի տոմսերի գները և ուղարկել սակագների աղյուսակը ադրբեջանական կողմին։
Ադրբեջանական աղբյուրների տվյալներով՝ այս պահին Վրաստանը առաջարկում է Ադրբեջանին վաճառել կուպեի տոմսերը 50 լարիով (30.97 մանաթ) և քնի վագոնների տոմսերը 70 լարիով (43.35 մանաթ)։
Դեռևս հայտնի չէ, թե ինչ գներ է նախատեսում սահմանել ադրբեջանական կողմը։
Բաքու-Թբիլիսի ուղևորափոխադրումները դադարեցվել էին 2020 թվականի մարտին՝ COVID-19 համավարակի պատճառով, և մինչ օրս չեն վերականգնվել։ Ադրբեջանի ցամաքային սահմանները հարևան երկրների, այդ թվում՝ Վրաստանի հետ, դեռ փակ են։ Երկիրը մնում է հատուկ կարանտինային ռեժիմի ներքո, որի ժամկետը կավարտվի 2025 թվականի հուլիսի 1-ին։