Աբաս Արաղչի. Անդրեյ Սիբիգան ինձ վստահեցրեց, որ իրանական նավի վրա հարձակումը պատահական է եղել և Ուկրաինան չի ձգտում էսկալացիայի, էսկալացիայի չի ձգտում նաև Իրանը, վնասն անպայման պետք է փոխհատուցվի

11:14, 29.07.2026

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան ինձ հավաստիացրել է, որ իրանական նավի վրա հարձակումը պատահականություն էր, և Ուկրաինան չի ձգտում էսկալացիայի, — այս մասին Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին գրում է սոցիալական ցանցում։

Ինչպես նշում է Արաղչին, էսկալացիայի չի ձգտում նաև Իրանը։

«Այնուամենայնիվ, մենք հստակ հայտարարեցինք, որ մեր քաղաքացիների կամ մեր շահերի դեմ ցանկացած հարձակում անընդունելի է։ Վնասը անպայման պետք է փոխհատուցվի», — գրում է Արաղչին։

Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հայտարարել էր, որ անկեղծ հեռախոսազրույց է ունեցել իրանցի պաշտոնակցի հետ և Արաղչիի հետ զրույցում ընդգծել էր երկու երկրների միջև «անհարկի էսկալացիայից» խուսափելու անհրաժեշտությունը։

Ի գիտություն՝ Ուկրաինան մի քանի օր առաջ Կասպից ծովում նավի վրա հարձակում էր գործել։ Ուկրաինական կողմի հայտարարությամբ՝ երկրի անօդաչու թռչող սարքերը Կասպից ծովում հարվածել են ռազմական բեռ տեղափոխող ռուսական երկու նավի։ Ուկրաինայի պնդմամբ՝ երկու նավերն էլ Իրանից ուղևորվում էին դեպի Ռուսաստանի նավահանգիստներից մեկը։ Իրանական կողմն իր հերթին պնդում է, որ հարձակումն իրականացվել է իրանական առևտրային նավերից մեկի վրա, որը երկաթյա բեռ էր տեղափոխում։ Նշված հարձակման հետևանքով մեկ նավաստի զոհվել է, իսկ երեքը՝ վիրավորվել։

Նմանատիպ