Թբիլիսիում, Գաբրիել Սալոսի փողոցում հատուկ գործողության ժամանակ մեկուսացված, հետախուզման մեջ գտնվող ջիհադիստ Ահմեդ Չատաևի մասին գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները:
BBC
BBC-ի տեղեկությամբ, Ստամբուլի օդանավակայանում նախորդ տարի իրականացված ահաբեկչական հարձակման կազմակերպչական հարցերում կասկածյալ Չատաևը, Թբիլիսիում, մեկ շաբաթ առաջ 20 ժամ տևած հատուկ գործողության ժամանակ՝ զոհվել է:
«Վրաստանի պետական անվտանգության ծառայության հայտարարությամբ, ԴՆԹ-ի թեստը հաստատել է, որ Չատաևը շրջափակված բնակարանում պայթեցրել է ինքն իրեն:
Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչ Նինո Գիորգոբիանիի հայտարարությամբ, հետաքննության գործընթացում վրաց իրավապահներին օգնություն են ցուցաբերել ԱՄՆ-ի հակաահաբեկչական ծառայության փորձագետները:
Նախորդ տարի, Ստամբուլի օդանավակայանում 3 մահապարտ ահաբեկչի կողմից իրենց պայթեցնելու արդյունքում զոհվել է 45 մարդ: Թուրքիայի իշխանությունը հարձակման կազմակերպիչ էր անվանել հենց Ահմեդ Չատաևին:
Ահմեդ Չատաևին ոստիկանությունը դեռևս 2012 թվականին ձերբակալել էր պայթուցիկ սարքավորում ունենալու մեղադրանքով, սակայն նա ազատ արձակվելուց հետո հեռացել էր Վրաստանից»,- գրում է BBC-ն:
The New York Times
Հրատարակությունը գրում է, որ գերատեսչության մեդիայի ներկայացուցիչ Նինի Գիորգոբիանին նախորդ շաբաթ Թբիլիսիի ծայրամասում 20 ժամ ընթացող հատուկ գործողության ժամանակ Ահմեդ Չատաևի մահվան փաստն է հաստատել:
Հրատարակությունը ընդգծում է, որ Գիորգոբիանին հրաժարվել է հայտարարել Չատաևի հետ միասին զոհված երկու անձի և մեկ ձերբակալվածի ինքնությունը և նաև չի մեկնաբանել նրանց նպատակները և Վրաստանում հայտնվելու ճանապարհները:
Գիորգոբիանու խոսքով, հետաքննությունը շարունակվում է և զոհված անձանց ինքնությունը պարզելու համար, վրացական կողմը համագործակցում է միջազգային գործընկերների, այդ թվում ամերիկացի փորձագետների հետ:
Anadolu
Ստամբուլի օդանավակայանում իրականացված ահաբեկչական հարձակման կազմակերպչին սպանել են Վրաստանում,- այս վերնագրով նյութ է հրապարակել թուրքական պետական Anadolu գործակալությունը:
Ինչպես տեղեկացնում է գործակալությունը, Վրաստանի անվտանգության ծառայությունը հաստատել է, որ Թբիլիսիում նոյեմբերի 22-ին անցկացված հակաահաբեկչական հատուկ գործողության ժամանակ զոհված երեք կասկածյալների միջև էր Ահմեդ Չատաևը: