Վրացերեն լեզվի «1+4» նախապատրաստական ծրագրին ավելացել է ազգային փոքրամասնությունների թիվը
Վրաց լեզվի նախապատրաստական ուսումնական ծրագրին գրանցված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ դիմորդների թիվն այս տարի ավելացել է,- այս մասին հայտարարել են Քննությունների ազգային կենտրոնում:
Քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Մայա Միմինոշվիլու տեղեկությամբ, ծրագրին գրանցված 1211 դիմորդ դարձել է ուսանող: Այդ թվում, ադրբեջանցի և հայ դիմորդներ: Այս տարի ծրագրին գրանցվել և ուսանող է դարձել նաև օսալեզու դիմորդ:
«Ինչ վերաբերում է վրաց լեզվի նախապատրաստական ծրագրին, դիմորդների քանակն ավելացել է: Սա շատ լավ միտում է: Դա վերաբերում է մեր ազգային փոքրամասնություններին: Մեկ օսալեզու դիմորդ գրանցվել է վրաց լեզվի նախապատրաստական ծրագրին և անկեղծորեն շնորհավորում եմ նրան այդ կապակցությամբ: Ի դեպ, նախորդ տարվա համեմատ ավելացել է նաև հայ, ադրբեջանցի և այժմ արդեն օսալեզու դիմորդների քանակը: Նախորդ տարի նրանց թիվը կազմում էր 1047»,- հայտարարել է Մայա Միմինոշվիլին:
Վրաց լեզվի ուսուցման ծրագրի ուսանող են դառնում այն դիմորդները, որոնք հանձնել են ընդհանուր հմտությունների քննություն հայերեն, ադրբեջաներեն և օսերեն լեզուներով: Նախապատրաստական «1+4» ծրագիրը մշակվել է ազգային փոքրամասնությունների համար: Մեկ տարվա ընթացքում ուսանողները տիրապետում են վրացերենին, իսկ այնուհետև հնարավորություն ունեն չորս տարի բակալավրային ծրագիրն անցնել ցանկալի մասնագիտությամբ:
Առաջին տարվա վերջին 60 կրեդիտ հավաքելու դեպքում ուսանողները հնարավորություն ունեն առանց քննության ուսումը շարունակել ցանկալի ֆակուլտետում: