2026 թվականի հունվարի 1-ից Վրաստանը կդառնա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (BSEC) նախագահող երկիրը
Դեկտեմբերի 19-ին կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (BSEC) արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստի շրջանակում Վրաստանը դարձավ կազմակերպության նախագահող երկիր վեց ամսով՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը։ Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարության փոխանցմամբ՝ վրանական կողմը անդամ պետություններին ներկայացրել է իր տեսլականը նախագահության վերաբերյալ և նշել, որ առանձնահատուկ ուշադրություն կդարձվի փոխկապակցվածության, կայունության և համագործակցության ամրապնդման հարցերին։
«Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Խվցիծիաշվիլին մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նիստին։ Իր ելույթում նա դրականորեն գնահատել է Բուլղարիայի Հանրապետության նախագահության ընթացքում իրականացված միջոցառումները։
Ալեքսանդր Խվցիծիաշվիլին խոսել է Սևծովյան տարածաշրջանում անվտանգության բարձրացման կարևորության մասին, ինչը կազմում է BSEC-ի անդամ պետությունների կայուն և հետևողական տնտեսական զարգացման անհրաժեշտ նախադրյալը։ Նա միաժամանակ ընդգծել է տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը՝ հարգելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Նա նաև ուշադրություն է հրավիրել փոխկապակցվածության, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում Վրաստանի մասնակցությամբ ընթացող և նախատեսվող նախագծերի վրա և, հաշվի առնելով տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը, նշել Սևծովյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության ապահովման անհրաժեշտությունը», — նշված է արտաքին գործերի նախարարության տարածած տեղեկատվության մեջ։