2024 թվականին Վրաստանում ծնելիության մակարդակը գրեթե երկու տոկոսով նվազել է
2024 թվականին Վրաստանում ծնելիության մակարդակը գրեթե երկու տոկոսով նվազել է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականին Վրաստանում կենդանի ծնված երեխաների թիվը կազմել է 39 483, որից 20 755-ը տղա է, իսկ 18 728-ը՝ աղջիկ։

Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.8 տոկոսով։

Սակստատի տվյալներով՝ 2024 թվականին ծնված երեխաների ամենամեծ քանակը գրանցվել է Թբիլիսիում՝ 14 415 երեխա, իսկ ամենաքիչը՝ Ռաչա-Լեչխումի և Ներքին Սվանեթիի շրջանում՝ 237 երեխա։

Կենդանի ծնվածների ընդհանուր թվաքանակում՝ 2024 թվականին առաջին երեխաների մասնաբաժինը 2023 թվականի 37.7 տոկոսից նվազել է մինչև 35.9 տոկոս։ Երկրորդ երեխայի մասնաբաժինը գրեթե անփոփոխ է մնացել՝ կազմելով 33.7 տոկոս, մինչդեռ երրորդ և հաջորդ երեխաների մասնաբաժինը աճել է՝ 27.5 տոկոսից հասնելով 29.0 տոկոսի։

Բացի այդ, ծառայության զեկույցի համաձայն՝ 2024 թվականին կենդանի ծնվածների ընդհանուր թվաքանակում մինչև 25 տարեկան մայրերի ծնած երեխաների մասնաբաժինը նվազել է՝ 24.6 տոկոսից մինչև 23.2 տոկոս։ 25-39 տարեկան մայրերի մասնաբաժինը գրեթե անփոփոխ է մնացել՝ կազմելով 69.5 տոկոս։ Աճ է արձանագրվել 40 և ավելի տարեկան մայրերի խմբում՝ 6.0 տոկոսից մինչև 7.3 տոկոս։

2024 թվականին առաջին երեխայի ծննդյան ժամանակ մայրերի միջին տարիքը կազմել է 27 տարի։

Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականին, նախորդ տարվա համեմատ, մահացությունների թիվը աճել է 2.8 տոկոսով և կազմել 43 971 դեպք։

Մահվան դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Թբիլիսիում՝ 12 492 մարդ, իսկ ամենաքիչը՝ Ռաչա-Լեչխումի և Ներքին Սվանեթիի շրջանում՝ 533 մարդ։

Սակստատի տվյալներով՝ 2024 թվականին Վրաստանում արձանագրվել է բացասական բնական աճ, ինչը նշանակում է կենդանի ծնվածների և մահացածների թվի տարբերություն։ Այդ տարբերությունը կազմել է 4 488 միավոր։

Բացասական բնական աճ արձանագրվել է բոլոր շրջաններում՝ բացառությամբ Թբիլիսիի, Աջարիայի ինքնավար հանրապետության և Ներքին Քարթլիի շրջանի։