Հայաստանի Հանրապետությունը Պաղեստին ճանաչեց  պետություն
Հայաստանի Հանրապետությունը Պաղեստին ճանաչեց պետություն
Հայաստանի Հանրապետությունը Պաղեստին ճանաչեց պետություն, ասվում է Հանրապետության արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Գազայի հատվածում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և ներկայիս ռազմական հակամարտությունը միջազգային քաղաքական օրակարգի գլխավոր հարցերից են, որոնք լուծում են պահանջում։ «Հայաստանի Հանրապետությունը կտրականապես դատապարտում է քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները, զինված բախումների ժամանակ քաղաքացիական անձանց պատանդառությունն ու գերեվարումը և միանում է նրանց անվերապահ ազատ արձակելու միջազգային հանրության պահանջներին։ Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւին, որը պահանջում է անհապաղ զինադադար Գազայում։ Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինյան ժողովուրդների միջև կայուն հաշտեցման հաստատմամբ։ Միջազգային տարբեր հարթակներում մենք միշտ աջակցել ենք պաղեստինյան հարցի խաղաղ լուծմանը և պաշտպանում ենք պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լուծելու «երկու պետություն» սկզբունքը։ Մենք համոզված ենք, որ դա պաղեստինցիների և իսրայելցիների համար միակ ճանապարհն է՝ իրականացնելու իրենց օրինական ձգտումները։ Ելնելով վերոգրյալից, հաստատելով հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների իրավահավասարության, ինքնիշխանության և խաղաղ գոյակցության սկզբունքներին, Հայաստանի Հանրապետությունը Պաղեստին ճանաչեց պետություն »,- ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։