Վրաստան-Իսպանիա հանդիպման տոմսերի 90 տոկոսը վաճառվել է, հայտնում է ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Վրաստանի հավաքականը սեպտեմբերի 8-ին կանցկացնի Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումը Իսպանիայի ընտրանու հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին Բորիս Պայճաձեի անվան «Դինամո Արենայում»։
Վրաստանի և Իսպանիայի հավաքականների հանդիպման տոմսերը օգոստոսի 15-ից վաճառվում էին միայն առցանց՝ TKT.GE կայքում, ժամը 12:00-ից։ Խաղին մասնակցելու համար յուրաքանչյուր հաճախորդ կարող է գնել առավելագույնը չորս տոմս: Տոմսերի արժեքը՝ 10, 20, 30 և 50 լարի է։
Վրաստանի հավաքականը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի A խմբում երեք հանդիպում է անցկացրել և չորս միավորով Նորվեգիայի հետ կիսում է երկրորդ և երրորդ տեղերը։