Վոլոդիմիր Զելենսկի․ Հունիսի 22-ից Բելառուսում գործող համակարգերը, որոնք Ռուսաստանին օգնում էին Ուկրաինայում «Շահեդ» անօդաչու թռչող սարքերը դեպի թիրախներ ուղղորդել, դադարեցրել են աշխատանքը
Հունիսի 22-ից Բելառուսում գտնվող այն համակարգերը, որոնք Ռուսաստանին օգնում էին «Շահեդ» անօդաչու թռչող սարքերն ուղղորդել Ուկրաինայում թիրախների դեմ, դադարեցրել են իրենց գործունեությունը․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Անկեղծ ասած, դեռ չգիտեմ՝ արդյոք դրանք ապամոնտաժե՞լ են, թե՞ ոչ։ Սակայն մենք աշխատում ենք դրա վրա, և ես շատ ուշադիր հետևում եմ իրավիճակին ու ամեն օր հաշվետվություններ ստանում։ Փաստն այն է, որ վերահեռարձակիչներն այս պահին չեն աշխատում»,- նշել է Զելենսկին։
Հունիսի 19-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի ռուսական համակարգերն իր տարածքից դուրս բերելու համար։ Այնուհետև նա հայտնել էր, որ նման կայաններ տեղակայված են եղել Ուկրաինային սահմանակից Բելառուսի երկու շրջաններում։ Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել էր, որ եթե Լուկաշենկոն դա չանի, Ուկրաինան պատասխան միջոցներ կձեռնարկի։ Զելենսկին ավելի ուշ նաև նշել էր, որ Բելառուսի տարածքում կան ձեռնարկություններ, որոնք նպաստում են ռուսական ագրեսիային։ Ռուսաստանում, այս հայտարարություններից հետո, Ուկրաինային մեղադրեցին Բելառուսին պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ։