Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը հայտարարել է, որ երկրում ավիացիոն վառելիքի շուկայում կրիտիկական իրավիճակ է ստեղծվել, և թռիչքների իրականացումը «լիովին կորցնում է տնտեսական իմաստը»։

17:18, 24.06.2026

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը հայտարարել է, որ երկրում ավիացիոն վառելիքի շուկայում կրիտիկական իրավիճակ է ստեղծվել, և թռիչքների իրականացումը «լիովին կորցնում է տնտեսական իմաստը»։ Ինչպես նշվում է ընկերության կողմից Ռուսաստանի ավիափոխադրողների ասոցիացիային ուղարկված նամակում, հունիսի սկզբին վառելիքի գլխավոր մատակարարը ընկերությանը տեղեկացրել է, որ անհրաժեշտ է դարձել սպառումը կրճատել մոտ մեկ երրորդով։ Որպես պատճառ նշվել է նավթավերամշակման գործարաններում ստեղծված ֆորսմաժորային իրավիճակը, ինչը շուկայում ավիացիոն վառելիքի ծավալների կրճատման է հանգեցրել։

«Ազիմուտի» տեղեկություններով՝ անհրաժեշտ քանակությամբ վառելիք չունեն նաև այլընտրանքային մատակարարները։ Դեֆիցիտի հետ մեկտեղ կտրուկ աճել է նաև վառելիքի գինը։ Ընկերության տվյալներով՝ հունիսի սկզբից ռուսական օդանավակայաններում ավիացիոն վառելիքի միջին գինն աճել է 17%-ով։

Ավիաընկերությունը հայտարարում է, որ գոյություն ունեցող պայմանների պատճառով պլանավորված թռիչքային ծրագրի կատարումը «տնտեսական տեսանկյունից կորցնում է իմաստը» ինչպես միջազգային, այնպես էլ ներքին ուղղություններով։

«Ազիմուտը» խնդրանքով դիմել է Ռուսաստանի ավիափոխադրողների ասոցիացիային՝ միջնորդելու Էներգետիկայի նախարարությանը և պահանջելու համապատասխան միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման համար։

Ի գիտություն՝ Ռուսաստանում վառելիքային ճգնաժամը սկսվել է 2026 թվականի մայիսի վերջին՝ նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի հարձակումների ուժգնացման ֆոնին։ «Ռոյթերս» գործակալության տվյալներով՝ հունիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում երկրում բենզինի արտադրությունը կրճատվել է մոտ 25%-ով՝ 2025 թվականի հունիսի միջին օրական ցուցանիշի համեմատ։

Վառելիքի բացթողման սահմանափակումներ արդեն գործում են Ռուսաստանի կենտրոնական շրջաններում, ինչպես նաև Իրկուտսկի, Օմսկի և Նովոսիբիրսկի մարզերում, ինչպես նաև Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգում։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ներքին շուկայում տիրող իրավիճակը «պարզ չէ, սակայն վերահսկելի է», իսկ դեֆիցիտը «առանձին շրջաններում և լցակայաններում պարբերաբար առաջացող լոգիստիկ խնդիրների հետևանք է»։

Նմանատիպ