«Ռոյթերս»․ Անկարայում ծրագրված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար տասնյակ թուրք լրագրողների հավատարմագրումը մերժվել է

21:08, 25.06.2026

Տասնյակ թուրք լրագրողների մերժել են հավատարմագրում տրամադրել Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին լուսաբանելու համար։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Ռոյթերս»-ը (Reuters)։

«Ռոյթերս»-ի համաձայն՝ թուրքական անկախ լրատվամիջոցները, այդ թվում՝ Cumhuriyet-ը, Sozcu-ն, Anka-ն, T24-ը և Medyascope-ը, հունիսի 24-ին և 25-ին հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն մերժել է գագաթնաժողովի հավատարմագրման համար իրենց թղթակիցների ներկայացրած հայտերը։ Իսկ կառավարամետ «Յենի Սաֆակ» (Yeni Safak) թերթի լրագրող Էրսին Չելիկն իր «Ինստագրամ»-ի էջում գրառում է կատարել այն մասին, որ նույնպես մերժում է ստացել հավատարմագրման հարցում։

«Ռոյթերս»-ի տեղեկություններով՝ ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ լրագրողների հարցում հիմնվում է Թուրքիայի խորհուրդների (հանձնարարականների) վրա։

Հուլիսի 7-8-ին Թուրքիան կհյուրընկալի ՆԱՏՕ-ի 32 առաջնորդների, ինչպես նաև Պարսից ծոցի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի՝ դաշինքի գործընկերների պաշտոնական անձանց։

Նմանատիպ