Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան և կհանդիպի Նիկոլ Փաշինյանին

13:52, 24.06.2026

Եվրահանձնաժողովի նախագահը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Եվրամիության և Հայաստանի միջև ռազմավարական հարաբերությունների հետագա զարգացման նպատակով։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Euronews»-ը։

Ֆոն դեր Լայենի այցը տեղի կունենա Եվրահանձնաժողովի նոր հայտարարությունից հետո, համաձայն որի՝ Բրյուսելը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ երկրի մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի առևտրային սահմանափակումների ազդեցությունը մեղմելու համար։

«Առևտրային սահմանափակումներից տուժած ոլորտներին, այդ թվում՝ ագրոպարենային ապրանքների, ծաղկաբուծության և արտահանմանն ուղղված այլ ճյուղերին, լրացուցիչ աջակցություն կցուցաբերվի առևտրային նախաձեռնությունների, բիզնես համաձայնագրերի միջոցառումների և շուկա մուտք գործելու նպատակային նախաձեռնությունների միջոցով»,- ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։

Եվրահանձնաժողովի փոխանցմամբ՝ տնտեսական կայունության հարցերով ԵՄ-Հայաստան աշխատանքային խումբը պարբերաբար շարունակում է հանդիպումները՝ այս միջոցառումների իրականացումն ուղղորդելու և մոնիտորինգի ենթարկելու նպատակով։

Հայաստան այց է պլանավորում նաև ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։ Կոսը հայտարարել է, որ ԵՄ օգնության փաթեթը կնպաստի տնտեսական մարտահրավերների հաղթահարմանը և միևնույն ժամանակ նոր հնարավորություններ կբացի հայկական բիզնեսի համար՝ տարածաշրջանային և եվրոպական շուկաների հետ առևտուր անելու նպատակով։

Նմանատիպ