Նիկոլ Փաշինյան․ Եվրահանձնաժողովի նախագահի այցի օրակարգում լինելու են տրանսպորտային երթուղիներում Հայաստանի ինտեգրման հեռանկարները, այդ թվում՝ «Միջին միջանցքը», որն անցնում է Ադրբեջանի և Վրաստանի տարածքով

15:19, 25.06.2026

Հայաստանի վարչապետը Եվրահանձնաժողովի նախագահի այցի ընթացքում քննարկվելիք հարցերի թվում նշել է Հայաստանի ինտեգրումը «Միջին միջանցք» երթուղուն։ Ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 1-ին Եվրահանձնաժողովի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի ընթացքում հանդիպումների օրակարգում կներառվեն տարածաշրջանային լոգիստիկայի հարցերը և համաշխարհային տրանսպորտային երթուղիներում Հայաստանի ինտեգրման հեռանկարները, այդ թվում՝ «Միջին միջանցքում», որն այժմ անցնում է Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի ներուժը և ասել, որ Հարավային Կովկասի տրանսպորտային նախագծերը միմյանց չեն հակասում։

«Հոսքերն այնքան մեծ են, որ դրանց սպասարկումը մեկ առանձին ուղղությամբ անհնար է։ Հենց այդ պատճառով էլ Հարավային Կովկասում այս հոսքերի համար անհրաժեշտ է մի քանի երթուղի։ Հարավային Կովկասի երկրները պետք է տարածաշրջանն ընկալեն որպես միասնական ընդհանուր տարածք, որտեղ բազմաթիվ ընդհանուր շահեր կան»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ ևս մեկ հարց կլինի ԵՄ շուկա հայկական արտադրանքի, հատկապես՝ գյուղատնտեսական մթերքների պարզեցված հասանելիության ապահովման հնարավորությունը։

Նա ընդգծել է եվրոպական բարձրաստիճան պատվիրակության սպասվող այցի կարևորությունը և նշել, որ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանի արտգործնախարարի վերջերս ունեցած մասնակցությունը Երևանի համար եզակի հնարավորություններ է բացում։ Փաշինյանը հույս է հայտնել, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի հաջողությամբ ավարտին հասցնել առևտրային արգելքների պարզեցմանն ուղղված համատեղ աշխատանքը։

«Հույս ունեմ, որ Եվրահանձնաժողովի հետ միասին կկարողանանք այս նախագիծը հասցնել վերջնական փուլին, որպեսզի այցի ընթացքում Երևանում կարողանանք այն համատեղ հայտարարել»,- ասել է Հայաստանի վարչապետը։

Հիշեցնենք, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կայցելի հուլիսի 1-ին։ Սա կլինի նրա երկրորդ այցը Հայաստան։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի հետ միասին Երևան կժամանի ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։

Նմանատիպ