Մարկո Ռուբիո․ Հանդիպել եմ Բահրեյնի թագավորի հետ՝ ևս մեկ անգամ հաստատելու մեր կայուն գործընկերությունը և հավատարմությունը Բահրեյնի անվտանգությանը

22:10, 25.06.2026

«Մենք միասնական ենք տարածաշրջանային կայունության, Հորմուզի ազատ և բաց նեղուցի, ինչպես նաև Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման կանխման հարցում»,- այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆայի հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հավատարիմ է Բահրեյնի անվտանգությանը և շարունակում է գործընկերությունը նրա հետ։

«Հանդիպել եմ Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆայի հետ, որպեսզի վերահաստատենք մեր կայուն գործընկերությունը և մեր հավատարմությունը Բահրեյնի անվտանգությանը։ Մենք միասնական ենք տարածաշրջանային կայունության, Հորմուզի ազատ և բաց նեղուցի, ինչպես նաև Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերման կանխման հարցում։ Բահրեյնի վրա Իրանի հարձակումներն անընդունելի էին, և Միացյալ Նահանգներն աջակցում է Բահրեյնի ժողովրդին ու կառավարությանը»,- հայտարարել է Ռուբիոն։

Միևնույն ժամանակ, Ռուբիոն լրագրողներին հայտնել է, որ գոհ է Պարսից ծոցի երկրներ կատարած պաշտոնական այցից և արդյունավետ հանդիպումներ է ունեցել նրանց առաջնորդների հետ։

«Մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, շատ լավ հանդիպում։ Սա իսկապես, հիրավի լավ հանդիպում էր Պարսից ծոցի երկրների հետ։ Նրանք մեզ հետ կիսեցին շատ կոնկրետ մտահոգություններ և գաղափարներ։ Եվ երբ ասում եմ մտահոգություններ, նկատի ունեմ, որ նրանք պարզապես ցանկանում են տեղեկացված լինել ամեն մի քայլից, որը մենք կանենք այս բանակցություններում՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ քաղաքական մակարդակում, և մենք ցանկանում ենք, որ նրանք ներգրավված լինեն»,- հայտարարել է Մարկո Ռուբիոն։

Նմանատիպ