Մարիամ Քվրիվիշվիլի․ Վրաստանի ծովային հատվածի զարգացումը կարևոր ներդրում կունենա երկրի տնտեսական առաջընթացի գործում և էլ ավելի կամրապնդի Վրաստանի դերը Միջին միջանցքում

21:37, 25.06.2026

«Մենք ունենք հստակ տեսլական և հավակնոտ պլան, որի համաձայն՝ մինչև 2032 թվականը երկրի ռազմավարական ենթակառուցվածքներում կներդրվի շուրջ յոթ միլիարդ ԱՄՆ դոլար»,- այս մասին Բաթումիում նավաստիների միջազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանն իր ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։

Ինչպես նշել է նախարարը, այս պլանի առաջամարտիկ (ֆլագմանային) նախագիծը Անակլիայի խորջրյա նավահանգիստն է։

Մարիամ Քվրիվիշվիլիի գնահատմամբ՝ այն ծառայում է ոչ միայն Վրաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի տրանսպորտային և լոգիստիկ ներուժի հզորացմանը։ «Անակլիան Վրաստանի համար նոր հնարավորությունների, ավելացված բեռնաշրջանառության, նոր աշխատատեղերի և տնտեսական աճի խորհրդանիշն է։ Սա հնարավորություն է, որպեսզի հայտնվեն Վրաստանի դրոշի ներքո նավարկող մեծ նավեր, որոնք վրացի նավաստիները կառաջնորդեն համաշխարհային օվկիանոսներում»,- նշել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը։

Միևնույն ժամանակ, իր ելույթում Մարիամ Քվրիվիշվիլին շեշտը դրել է երկրի տնտեսական առաջընթացի գործընթացում Վրաստանի ծովային հատվածի զարգացման կարևորության, այդ թվում՝ «Միջին միջանցք» երթուղում դրա ունեցած դերի վրա։

«Մենք հավատում ենք, որ Վրաստանի ծովային հատվածի զարգացումը զգալի ավանդ կներնի երկրի տնտեսական առաջընթացի մեջ և էլ ավելի կամրապնդի Վրաստանի դերը «Միջին միջանցքում»՝ որպես Եվրոպան և Ասիան կապող կարևոր տարանցիկ հաբ»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարարը։

Մարիամ Քվրիվիշվիլին շնորհավորել է ծովային ոլորտի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ և շնորհակալություն հայտնել կատարած գործունեության ու պրոֆեսիոնալիզմի համար։

«Ձեր աշխատանքն ու պատասխանատվությունը ամրապնդում են Վրաստանի դիրքերը միջազգային ծովային հանրությունում և ամուր հիմքեր ստեղծում մեր երկրի ապագա հաջողության համար»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարարը։

Նմանատիպ