Մարիամ Քվրիվիշվիլին Աջարիայի կառավարության նախագահի հետ միասին ծանոթացել է Բաթումի միջազգային օդանավակայանում ամառային զբոսաշրջային սեզոնի համար իրականացված աշխատանքներին
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեի հետ միասին, Բաթումիի միջազգային օդանավակայանում ծանոթացել է ամառային զբոսաշրջային սեզոնի համար իրականացված աշխատանքներին։
«Նշվել է, որ ընթացիկ զբոսաշրջային սեզոնին Բաթումիի օդանավակայանը դիմավորում է լիակատար պատրաստվածությամբ և պատրաստ է անխափան սպասարկել ուղևորների աճող հոսքերը։
Տեղում զրույցը վերաբերել է նաև նավիգացիոն սեզոնի հետ կապված ծրագրերին, թռիչքների թարմացված չվացուցակներին և ուղևորահոսքի արդյունավետ սպասարկման հարցերին»,- նշված է էկոնոմիկայի նախարարության տարածած տեղեկատվության մեջ։
Աշխատանքային գործընթացի ընթացքը նախարարին և կառավարության նախագահին ներկայացրել է օդանավակայանի կառավարիչ «ՏԱՎ Ջորջիա» ընկերության գլխավոր մենեջեր Թեա Զաքարաձեն։ Նա նաև տեղում ներկայացրել է Բաթումիի օդանավակայանի ընդլայնման տեսլականը։
Նախագծի համաձայն՝ Բաթումիի միջազգային օդանավակայանի տերմինալի առկա 8 000 մ²-ին ավելանում է մոտ 1000 մ² մակերեսով նոր տարածք, որը ներառում է ինչպես օպերացիոն, այնպես էլ վարչական գոտիներ։ Տարբեր գոտիներում ընթացիկ և իրականացված աշխատանքների համակցությունը Բաթումիի միջազգային օդանավակայանի թողունակությունը ընդհանուր առմամբ կմեծացնի 22-25 տոկոսով։
2025 թվականին Բաթումիի միջազգային օդանավակայանում տարեկան ուղևորահոսքը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 1,230,200 ուղևորի, ինչը 2024 թվականի տվյալների համեմատ ավելի է 29 տոկոսով։ 2026 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանում իրականացված չվերթների քանակն աճել է ութ տոկոսով։
Բաթումիի միջազգային օդանավակայանում անցկացված աշխատանքային հանդիպմանը, Մարիամ Քվրիվիշվիլիի և Զուրաբ Պատարաձեի հետ միասին, ներկա էր էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Թամար Իոսելիանին։