Մադրիդը հայտարարել է Կատալոնիայի դեմ ուժ կիրառելու պատրաստակամության մասին
Իսպանիայի կառավարությունը հայտարարել է Կատալոնիայում իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումների չկատարման դեպքում շրջանում ուժ կիրառելու պատրաստակամության մասին: Այս մասին գրում է The Times-ը:
«Ոչ մի կառավարություն չի ուզում բռնության որևէ ակտ, բայց կաբինետը պետք է ապահովի օրենքի պահպանումը: Ու եթե կան մարդիկ ուրիշ կողմում, ովքեր չեն ուզում ենթարկվել օրենքին, Մոսսոս դ’Էսկուադրայի (կատալոնական ոստիկանություն) միջոցով մենք ստիպված կլինենք վերականգնել օրենքը»,- նշել է իսպանական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ինյիգո Մենդես դե Վիգոն:
Նա թերթին ասել է, որ նախարարների կաբինետը մտադիր չէ վերջ դնել Կատալոնիայի ինքնավարությանը: Նրա խոսքով՝ Մադրիդի նպատակներն ուղղակիորեն հակադիր են դրան:
Մենդես դե Վիգոն հավելել է, որ հիմա Մոսսոս դ’Էսկուադրայի կառավարումն անցնում է ՆԳՆ-ին:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Կատալոնիայի խորհրդարանի նիստը, որում կարող է հռչակվել շրջանի անկախությունը, նշանակված է հոկտեմբերի 26-ին: