Կատալոնիայի Ժիրոնա քաղաքում Իսպանիայի թագավորին պերսոնա նոն գրատա են հայտարարել
Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը Կատալոնիայի Ժիրոնա քաղաքում պերսոնա նոն գրատա է հայտարարվել, որտեղ Կատալոնիայի անկախության կողմնակիցների դիրքերն ամուր են: Երեքշաբթի երեկոյան այսպիսի որոշում է ընդունել Ժիրոնայի քաղաքային խորհուրդը, հայտնում է կատալոնական Ara պարբերականը:
Քաղաքի համար Իսպանիայի միապետին անցանկալի անձ հայտարարելու առաջարկին աջակցել է քաղաքային խորհրդի լիագումար նիստի մասնակիցների մեծամասնությունը: Միապետից բացի, նույն քվեարկությամբ Ժիրոնայում պերսոնա նոն գրատա է հայտարարվել նաեւ Կատալոնիայում Իսպանիայի ներկայացուցիչ Էնրիկ Միյոն:
Ժիրոնայի քաղաքային խորհուրդը ձայների մեծամասնությամբ հայտարարել է Իսպանիայի Սահմանադրության 155 հոդվածի գործողությանն աջակցելու մերժման մասին, որի գործողության մեջ մտնելու մասին ավելի վաղ հայտարարել էր երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը: Այս քայլը Կատալոնիայում անցկացված անկախության հարաքվեին պատասխանն էր եւ նախատեսում է ինքնավարության տեղական ինքնակառավարման ժամանակավոր սահմանափակում:
Ավելի վաղ նույն առաջարկը մերժվել է Բարսելոնի քաղաքային խորհրդի կողմից: