Կասիմ-Ժոմարտ Տոկաև․ «Ղազախստանը, Ադրբեջանը և Վրաստանը «Միջին միջանցքի» զարգացման շրջանակներում աշխատում են միասնական երկարաժամկետ սակագնային մոդելի ստեղծման ուղղությամբ»
Ղազախստանը, Ադրբեջանը և Վրաստանը «Միջին միջանցքի» զարգացման շրջանակներում աշխատում են միասնական երկարաժամկետ սակագնային մոդելի ստեղծման ուղղությամբ։ Այս մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Միջերկրածովյան նավագնացության ընկերության (MSC) փոխնախագահ Էդուարդ Սիգրիստի հետ հանդիպման ժամանակ։
Ղազախստանի նախագահի խոսքով՝ բացի միասնական սակագնային մոդելի մշակումից, կողմերն իրականացնում են մի շարք կարևոր ենթակառուցվածքային նախագծեր, այդ թվում՝ Կասպից ծովի բեռնատար նավատորմի ընդլայնումը, Ադրբեջանի հետ համատեղ խորացման (դրենաժային) աշխատանքները և Կուրիկ նավահանգստի արդիականացումը։
Կողմերը քննարկել են նաև տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կոնտեյներացման ծավալների մեծացմանը, ինչը, ակնկալվում է, որ կնպաստի բեռնաշրջանառության զգալի աճին։
Տոկաևը դրական է գնահատել աշխարհի առաջատար կոնտեյներային փոխադրող ընկերություններից մեկի ներկայությունը ղազախական շուկայում և նշել, որ «Միջին միջանցքի» զարգացումն այժմ երկրի համար ռազմավարական առաջնահերթություն է։
Ղազախստանի նախագահը նաև ողջունել է ընկերության հետաքրքրվածությունը Կասպից ծովի ափին նավահանգստային ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու հարցում և ընդգծել, որ նման նախագծերը զգալիորեն կմեծացնեն երթուղու մրցունակությունը և կնպաստեն Ասիայի ու Եվրոպայի միջև բեռնափոխադրումների ծավալների աճին։
Իր հերթին, Սիգրիստը ներկայացրել է Ղազախստանում ընկերության երկարաժամկետ ներդրումային ծրագրերը, որոնք ներառում են ներդրումներ լոգիստիկ տերմինալներում, երկաթուղային ակտիվներում, նավահանգստային ենթակառուցվածքներում, ծովային ծառայություններում և օդային բեռնափոխադրումներում։