Իտալիայի 18 քաղաքում շոգի պատճառով վտանգի բարձրագույն մակարդակ է հայտարարված
Իտալիայի 18 քաղաքներում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի բարձրագույն մակարդակ։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Գարդիան»-ը (The Guardian)։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, սաստիկ շոգի ֆոնին 24 ժամում հինգ մարդ է մահացել։ Մահացածների թվում են՝ երկու տղամարդ, ովքեր մահացել են դաշտում աշխատելիս, մեկ հոգի, ով շոգի պատճառով սրտի նոպա է ունեցել, մեկ անօթևան և մեկ բանվոր, ով գիտակցությունը կորցրել է շինհրապարակում։
Էքստրեմալ շոգը Իտալիայում հանգեցրել է նաև էլեկտրական համակարգի ցանցի խափանումների։ Այդ պատճառով Ֆլորենցիայի Ուֆֆիցի պատկերասրահում օդորակման համակարգն աշխատել է խափանումներով։ Թանգարանի տնօրինությունը ստիպված է եղել սահմանափակել այցելուների թիվը և ժամանակավորապես դադարեցնել տոմսերի վաճառքը։
Մի քանի տարածաշրջանային կառավարություններ շինարարության և սուրհանդակային ծառայությունների աշխատակիցներին արգելել են աշխատել բաց տարածքում՝ օրվա ամենաշոգ ժամերին։