«Իվերիա» թերթի հատուկ համարը բաժանել են հասարակական տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին
Իլիա Ճավճավաձեի 180-ամյա հոբելյանի առթիվ «Իվերիա» թերթի հատուկ հրատարակությունում տպագրվել է 1909 թվականի հուլիսի 6-ի համարի գլխավոր էջը:
Հատուկ հրատարակումը այսօր Թբիլիսիի քաղաքապետարանի կրթության, սպորտի և երիտասարդության գործերով ծառայության ղեկավար Իրակլի Գվիլավան և տրանսպորտային ընկերության աշխատակիցները բաժանել են մետրոպոլիտենով և մունիցիպալ ավտոբուսներով երթևեկող քաղաքացիներին:
«Իվերիա» թերթը առաջին անգամ հրատարակվել է Թբիլիսիում 1877 թվականին: Նրա գլխավոր խմբագիրն էր Իլիա Ճավճավաձեն: Թերթը քաղաքական-գրական բնույթի էր և ծառայում էր ազգային ինքնահաստատման հզորացման և անկախության մտքի զարգացմանը:
1879-1885 թթ. «Իվերիա»-ն հրատարակվել է պարբերականի տեսքով, իսկ 1886 թվականից այն հրատարակվում է ամենօրյա թերթի տեսքով:
«Իվերիա»-ն ծառայում էր վրաց ժողովրդի ազգային ճանաչողականության բարձրացման գործին և նրանում պատկերված էր սոցիալ-տնտեսական և մշակութային կյանը:
Թերթը լուսաբանում էր բանվորների շարժման հարցերը Վրաստանում և նրա սահմաններից դուրս, ինչպես նաև ներկայացնում էր պատմական, ազգագրական, աշխարհագրական հարցեր:
Իլիա Ճավճավաձեն ներդրել է «Ներքին տեսություն» ժանրը, որտեղ լուսաբանվում էր ժողովրդի և պետության ամենօրյա կյանքը: Նրանում մեծ ուշադրություն էր դարձվում ժողովրդական կրթությանը, դպրոցին, մանկավարժներին, կառավարության քաղաքականությանը կրթության ոլորտում և դաստիարակության հարցերին:
«Իվերիա»-ն մեծ դեր է խաղացել նաև վրաց գրչության զարգացման գործում: Տարբեր ժամանակներում թերթում տեղ են գտել՝ Ակակի Ծերեթելիի, Յակոբ Գոգեբաշվիլիի, Վաժա Փշավելայի, Ալեքսանդր Ղազբեգիի, Նիկո Լոմոուրիի, Էկատերինե Գաբաշվիլիի, Սոփրոմ Մգալոբլիշվիլիի և այլոց ստեղծագործություններ:
2017 թվականը Իլիա Ճավճավաձեի հոբելյանական տարեթիվն է: Նրա ծնվելուց անցել է 180 տարի, իսկ սպանությունից 110:
Հեղինակ -
Edgar Barsegyan