Թբիլիսիում ընթացող ՄԱԿ-ի հանրային ծառայությունների ֆորումի շրջանակներում Պաատա Սալիան երկկողմ հանդիպումներ է անցկացրել
Վրաստանի արդարադատության նախարարը հանդիպել է տնտեսական և սոցիալական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Լի Ցզյունհուային։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Լի Ցզյունհուային բարձր մակարդակի ֆորումի կազմակերպման հարցերում համագործակցության և աջակցության համար։
Արդարադատության նախարարության տեղեկատվությամբ՝ Պաատա Սալիան նշել է, որ Թբիլիսին դարձել է գլոբալ քննարկումների հարթակ՝ նորարարությունների և հանրային ծառայությունների զարգացման ուղղությունների շուրջ խոսելու համար։ Նրա խոսքով՝ այս տարվա ֆորումի թեման՝ «Հանրային ինստիտուտների տրանսֆորմացիա. նորարարության, հաշվետվողականության, ներգրավվածության և ներառականության խթանում», լիովին արձագանքում է Վրաստանում հանրային ծառայությունների մատուցման ուղղությամբ իրականացված բարեփոխումներին, ինչը ներառում է հանրային ինստիտուտների արդիականացումը՝ առավել արդյունավետ, ներառական և քաղաքացիակենտրոն ծառայություններ ապահովելու համար։
Նախարարը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել ֆորումի մասնակից երկրների պատվիրակությունների հետ։
Հանդիպումների ավարտին Պաատա Սալիան հույս է հայտնել, որ ֆորումի շրջանակներում ձևավորված համագործակցությունը էլ ավելի մեծ հնարավորություններ կստեղծի ընդհանուր գիտելիքների և փորձի փոխանակման տեսանկյունից։
Նախարարի խոսքով՝ Վրաստանը պատրաստ է գործընկեր երկրներին փոխանցել իր եզակի փորձը արագ և արդյունավետ, այդ թվում՝ թվային և հեռավար ծառայությունների մատուցման համակարգի զարգացման ուղղությամբ։ Պաատա Սալիան ընդգծել է արդարադատության նախարարության առանձնահատուկ դերը երկրի թվային տրանսֆորմացիայի գործընթացում և շեշտել թվային կառավարման դերը պետության ու քաղաքացու արագ և առավել արդյունավետ համագործակցության համար։