Եվրամիության օմբուդսմենը հետաքննություն է անցկացնում խմբային չաթի վերաբերյալ, որում Ուրսուլա ֆոն դեր Լայենը մի քանի պետությունների ղեկավարների հետ քննարկում էր Դոնալդ Թրամփի գործողությունները

19:38, 24.06.2026

Եվրամիության օմբուդսմեն Թերեզա Անժինիոն հետաքննություն է անցկացնում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նկատմամբ։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Բերլիներ Ցայտունգ» պարբերականը։

«Բերլիներ Ցայտունգ»-ի համաձայն՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կրկին հայտնվել է հետաքննության թիրախում, քանի որ այս անգամ ուշադրության կենտրոնում է հայտնվել գաղտնի խմբային չաթը, որին մասնակցում են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և Մեծ Բրիտանիայի գործող վարչապետ Կիր Ստարմերը։

Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ հոլանդական «Follow the Money» կազմակերպության պահանջով Եվրահանձնաժողովը հրաժարվել է հրապարակել խմբային չաթի տվյալները։

Այս տարվա սկզբին «Պոլիտիկո»-ն տեղեկատվություն էր տարածել, որ ֆոն դեր Լայենը, եվրոպական առաջնորդները և Զելենսկին խմբային չաթում քննարկում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները։ Պարբերականի տվյալներով՝ այդ ոչ պաշտոնական, բայց ակտիվ չաթը անվանվել է «Վաշինգտոնի խումբ»։ Չաթը հայտնվել է այն բանից հետո, երբ 2025 թվականի օգոստոսին ԵՄ մի քանի առաջնորդներ, Զելենսկու հետ միասին, այցելել են Սպիտակ տուն։ Սա առաջին դեպքը չէ, երբ ֆոն դեր Լայենի թվային հաղորդակցությունը դառնում է հետաքննության հիմք։

2025 թվականի մայիսին Եվրամիության դատարանը վճիռ է կայացրել այսպես կոչված «Ֆայզերգեյթի» գործով, որի համաձայն՝ հանձնաժողովն ապօրինաբար հրաժարվել է հասանելիություն տրամադրել ֆոն դեր Լայենի և «Ֆայզեր»-ի գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլայի միջև տեքստային հաղորդագրություններին։

Նմանատիպ