ԵՄ-ն փոխզիջում է ակնկալում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում հռչակագրի ընդունման հարցում
ԵՄ-ն ակնկալում է փոխզիջում Բրյուսելում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակում հռչակագրի ընդունման ընթացքում։ Այս մասին ասել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը Տալինում ԶԼՄ-ների համար կլոր սեղանի ընթացքում, որը կայացել է «Արևելյան գործընկերության» 4-րդ բիզնես ֆորումի շրջանակում։
Հիշեցնելով Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» վերջին գագաթնաժողովի մասին՝ եվրահանձակատարը նշել է, որ յուրաքանչյուրը պետք է դաս քաղի անցած գագաթնաժողովից՝ տարաձայնություններից խուսափելու համար։
«Խորհուրդ եմ տալիս մշտապես հնարավորինս զերծ մնալ առճակատման հռետորաբանությունից և կենտրոնանալ հստակ արդյունքների վրա, որոնք բխում են քաղաքացիների հիմնարար շահերից»,-հավելել է Հանը։
Նրա խոսքով՝ հռչակագրին առնչվող բանակցություններ են տարվում 6 երկրների հետ։
«Հուսով եմ՝ այդ հռչակագիրը կարող է կնքվել նոյեմբերի կեսին»,-ասել է եվրահանձնակատարը։