Եղիսաբեթ II թագուհին 13 մլն ֆունտ գումար է ներդրել օֆշորային ֆոնդերում. Paradise Papers
Եղիսաբեթ II թագուհին 13 մլն ֆունտ գումար է ներդրել օֆշորային ֆոնդերում. Paradise Papers

Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը հրապարակել է փաստաթղթերի արխիվներ, որոնք վերաբերում են օֆշորային ընկերությունների գործունեությանը։ Դրանցում հիշատակվում են համաշխարհային քաղաքական գործիչների անունները, հաղորդվում է կազմակերպության կայքում։

Նյութերը ստացել են Paradise Papers անվանումը։ Դրանցում գաղտնազերծվում են մանրամասներ 120 քաղաքական գործիչների օֆշորային գործունեությունից։ Անդրադարձ է արվում նաև բրիտանական թագավորական պալատին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատակիցներին։ Բացի այդ, փաստաթղթերում հաղորդվում է խոշոր ընկերությունների (Apple, Nike և Uber) ֆինանսական խարդախությունների մասին։

BBC-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի անձնական գումարներից ավելի քան 10 մլն ֆունտ ներդրվել է օֆշորում։ Լանկաստերի դքսությունը, որը թագուհուն ապահովում է եկամտով, միջոցները պահում է Կայմանյան և Բերմուդյան կղզիներում։

Դքսությունից հայտնել են, որ վերահսկում են դրամական մի քանի հոսքեր, որոնց մի մասն ուղղված է արտասահմանյան հիմնադրամներ։ Լանկաստերի դքսությունում նաև նշել են, որ բոլոր ներդրումները ստուգված են և միանգամայն օրինական։