Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի օպերատորը դարձել է «Սոկարը»
Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի օպերատորն այսօրվանից «Բրիթիշ Փեթրոլիումի» փոխարեն դարձել է «Սոկարը»։
Օպերացիոն լիազորությունների փոխանցումը ներառում է խողովակաշարի երեք հատվածները՝ Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան։
Բացի այդ, «Սոկարը» ստանձնել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի հետ կապված բոլոր գործունեության, ինչպես նաև «Բրիթիշ Փեթրոլիումի» կողմից Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Հարավկովկասյան խողովակաշարի (SCP) համակարգերի վերաբերյալ ներկայումս իրականացվող ընդհանուր գործունեության կառավարումը։
«Սոկարի» նախագահ Ռովշան Նաջաֆի հայտարարությամբ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը Ադրբեջանի հեռատես էներգետիկ ռազմավարության, ուժեղ միջազգային գործընկերության և երկարաժամկետ համագործակցության հանդեպ ընդհանուր նվիրվածության կայուն ցուցադրումն է։
«Վերջին երկու տասնամյակների ընթացքում Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը կարևոր ներդրում է ունեցել Ադրբեջանի կայուն զարգացման, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման և գլոբալ էներգետիկ անվտանգության բարձրացման գործում։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի կառավարումը «Սոկարին» փոխանցելը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի և Հարավկովկասյան խողովակաշարի (SCP) համակարգերի ընդհանուր կառավարման հետ մեկտեղ, կարևոր փուլ է, որն արտացոլում է համաշխարհային մակարդակի էներգետիկ ենթակառուցվածքների կառավարման հարցում ընկերության աճող փորձը։ «Սոքարը» լիովին նվիրված կլինի այս ռազմավարական էներգետիկ միջանցքի անվտանգ, հուսալի և արդյունավետ գործունեության ապահովմանը, ինչն էլ ավելի կամրապնդի դրա ներդրումը տարածաշրջանային և գլոբալ էներգետիկ անվտանգության մեջ», – նշել է Ռովշան Նաջաֆը։