ԱՄՆ-ն ի վիճակի է վերացնել Հս. Կորեան. Պենտագոնի ղեկավար
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը, անդրադառնալով Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում ամբողջությամբ վերացնել Հյուսիսային Կորեան՝ չնայած, որ նման հնարավորություններ ունի:
«Մենք չենք ձգտում որևիցե երկրի, մասնավորապես՝ Հյուսիսային Կորեայի ամբողջական վերացմանը: Ինչպես ես արդեն նշեցի, մենք բազում տարբերակներ ունենք դա անելու համար»,-հայտարարել է Մեթիսը Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ խորհրդակցության ավարտից հետո:
Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ռազմական միջոցներով պատասխանել ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին ուղղված սպառնալիքներին:
«Միացյալ Նահանգներին ու իր տարածքներին, այդ թվում նաև Գուամին, ինչպես նաև դաշնակիցներին ուղղված ցանկացած սպառնալիք կստանա ռազմական հզոր պատասխան»,-ասել է պաշտոնյան:
Ավելի վաղ նախագահ Թրամփը չի բացառել Հյուսիսային Կորեային հարվածելու հավանականությունը:
Նշենք, որ երեկ Հյուսիսային Կորեան հայտարարել է սեփական ջրածնային ռումբը ստեղծելու ու այն բարեհաջող փորձարկելու մասին: Հայտնի է, որ ռումբը նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար: Ամերիկյան վերլուծաբանների կարծիքով՝ դեպքերի նման զարգացումը պետք է տագնապի ազդանշան լինի Արևմուտքի համար: