Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությամբ, երկրաշարժը բազմաթիվ ավերածությունների պատճառ է դարձել Աղդամի շրջանում
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկությամբ, երկրաշարժը բազմաթիվ ավերածությունների պատճառ է դարձել Աղդամի շրջանում

Անցնող գիշեր տեղի ունեցած ուժգին երկրաշարժն Ադրբեջանում մի շարք ավերածությունների պատճառ է դարձել: 5,7 մագնիտուտ հզորությամբ, 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, մի շարք տներ է ավերել Թերթերի ու Աղդամի շրջաններում, մի քանի գյուղեր մնացել են առանց էլեկտրականության:

Աղդամի շրջանի արտակարգ իրավիճակների ղեկավարը նշել է, որ շրջանի Ուչողլան գյուղում բնակելի տներ են ավերվել, իսկ Գուզանլի գյուղում, ցնցման հետեւանքով պայթել է էլեկտրահաղորդիչ կայանը, ինչի պատճառով Գուզանլին ու հարակից բնակավայրերը մնացել են առանց էլեկտրականության:

Ցնցումները մի շարք ավերածություններ են արել նաեւ Թերթերի շրջանում: Թերթերի շրջանի Արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարը հայտնել է, որ Էվողլու, Իսմաիլբեյլի ու Էսկիպարա գյուղերում ավերվել են բնակելի տներ, բացի այդ, բազմաթիվ տներում ճաքեր են առաջացել պատերին ու տանիքին: