Ռուսաստանը սահմանափակել է ձկնամթերքի ներմուծումը Հայաստանից
Ռուսաստանը սահմանափակել է ձկնամթերքի ներմուծումը Հայաստանի բոլոր ձեռնարկություններից։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Ռոսսելխոզնադզորը» կասեցրել է Հայաստանի ևս երկու խոշորագույն ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Նշված որոշումը նշանակում է, որ այս պահի դրությամբ Հայաստանից Ռուսաստան ամեն տեսակ ձկնամթերքի ներմուծումը դադարեցված է։
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից հայտնում են, որ խախտումների պատճառով Հայաստանից պահանջել են ժամանակավորապես կասեցնել բոլոր ձկնամթերքների սերտիֆիկացումը։
«Ավելի ուշ, նյութերի վերլուծության ընթացքում, պատրաստվել է նախնական զեկույց, և քանի դեռ հայտնաբերված խախտումները չեն վերացվել ու անհրաժեշտ հաստատող նյութերը չեն ներկայացվել, նշված ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը ժամանակավորապես կկասեցվի»,- հայտնում է «Ռոսսելխոզնադզորը»։
«Ռոսսելխոզնադզորից» հայտարարում են, որ համագործակցում են հայկական կողմի հետ՝ ձկնամթերքի անվտանգությունն ապահովելու նպատակով։