Իրակլի Կոբախիձե. Կառավարությունն աշխատում է թափանցիկ, կառավարական բոլոր ակտերը հրապարակվում են, իշխանության վերին օղակներում կոռուպցիան սկզբունքորեն հաղթահարված է, սա կառավարության գործունեության գլխավոր արդյունքներից մեկն է
Կոռուպցիան իշխանության վերին օղակներում սկզբունքորեն արմատախիլ է արված, հաղթահարված. այս մասին խորհրդարանում տարեկան զեկույցով հանդես գալիս հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով՝ սա անցած մեկ տարվա ընթացքում Վրաստանի կառավարության գործունեության գլխավոր արդյունքներից մեկն է։
«Վրաստանի կառավարությունն աշխատում է լիովին թափանցիկ։ Կառավարական բոլոր ակտերը հրապարակվում են։ Թափանցիկությունը ցանկացած արատից ապահովագրվելու լավագույն միջոցներից մեկն է։ Մենք հրաժարվեցինք տարբեր սխալ գործելակերպերից, ինչպիսին էր, օրինակ, գույքի ուղղակի վաճառքի պրակտիկան։ Շատ կարևոր բարեփոխումներ իրականացվեցին պետական ձեռնարկություններում։ Ամբողջությամբ վերցրած՝ այս ամենը ծառայում էր մեր կառավարման համակարգում կոռուպցիոն երևույթների արմատական վերացմանը։ Դա անցած մեկ տարվա ընթացքում մեր գործունեության գլխավոր խնդիրներից մեկն էր։ Կարող եմ համարձակորեն ասել, որ այս մեկ տարվա ընթացքում մենք էապես հասել ենք այդ հիմնարար նպատակին։ Կրկին կարող եմ առաջարկել ցանկացած անձի՝ ընդդիմադիր թե ոչ ընդդիմադիր, ներկայացնել թեկուզ մեկ փաստ այս հաշվետու ժամանակաշրջանից՝ անցյալ տարվա հունիսից ի վեր, կոռուպցիայի հետ կապված, եթե կան որևէ կասկածներ, և մեզնից յուրաքանչյուրը լիովին պատասխանատվություն կկրի։ Նման հարց իմ կողմից բազմիցս է տրվել, այդ թվում՝ բանավեճերի ժամանակ, սակայն ընդդիմախոսները չկարողացան ոչ մի նման փաստ ներկայացնել, ինչը մեզ համար անժխտելի նշան է այն բանի, որ կոռուպցիան իշխանության վերին օղակներում սկզբունքորեն հաղթահարված է։ Իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարն անհրաժեշտ է մշտական ռեժիմով, հատկապես ստորին մակարդակներում, և բնական է, որ կառավարությունն ապագայում նույնպես չի թուլացնի իր ուշադրությունն այս ուղղությամբ, սակայն ևս մեկ անգամ կարող եմ վստահորեն հայտարարել, որ կոռուպցիան իշխանության վերին օղակներում սկզբունքորեն արմատախիլ է արված, հաղթահարված, և սա անցած մեկ տարվա ընթացքում Վրաստանի կառավարության գործունեության գլխավոր արդյունքներից մեկն է»,- հայտարարել է վարչապետը։