Գիորգի Գախարիա. Այսօր Վրաստանում ընդդիմադիր լինելը կապված է ֆիզիկական անվտանգության ռիսկերի հետ, բռնությանը նպաստում է անպատժելիությունը, որից օգտվում են իշխանության մեջ գտնվող անձինք

17:28, 27.06.2026

Այսօր Վրաստանում ընդդիմադիր լինելը կապված է ֆիզիկական անվտանգության ռիսկերի հետ, – այս մասին սոցցանցում գրում է «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։

Գախարիան արձագանքում է երեկ խորհրդարանում տեղի ունեցած բռնությանը և նշում, որ այս բռնությանը նպաստում է անպատժելիությունը, որից օգտվում են իշխանության բարձրագույն մակարդակում գտնվող անձինք։

«Մենք մտանք խորհրդարան, որպեսզի քաղաքացիներին, այդ թվում՝ նրանց, ովքեր ձայն են տվել «Վրացական երազանքին», մենակ չթողնենք իրենց կարիքների և խնդիրների հետ, օգտագործենք խորհրդարանի բոլոր գործիքները՝ կառավարության հաշվետվողականությունն ապահովելու համար, և հոգ տանենք, որ խորհրդարանում ներկայացված լինեն տարբեր ձայներ։ Մենք երբեք չենք դադարել հավատարիմ մնալ այս առաքելությանը։

«Վրացական երազանքը» քաղաքական ընդդիմությանը պատասխանեց համակարգված ֆիզիկական բռնությամբ։ Մեր գործընկեր Գիգա Փարուլավան բժշկական օգնության կարիք է ունեցել։ Այսօր Վրաստանում ընդդիմադիր լինելը կապված է ֆիզիկական անվտանգության ռիսկերի հետ։ Այս բռնությանը նպաստում է այն անպատժելիությունը, որից օգտվում են իշխանության բարձրագույն մակարդակում գտնվող անձինք», – գրում է Գախարիան։

Վրաստանի խորհրդարանում ֆիզիկական առճակատումը երեկ սկսվեց այն ժամանակ, երբ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության անդամ Գիորգի Շարաշիձեն վարչապետ Իրակլի Կոբախիձեի տարեկան հաշվետվության ներկայացումից հետո հանդես էր գալիս ելույթով։ Շարաշիձեն Կոբախիձեի հասցեին հայտարարեց, որ «նույնիսկ «Վրացական երազանքը» չի վաստակում այսօրվա վարչապետին, և վստահ է, որ իր այս կարծիքի հետ համաձայն են նույնիսկ հենց «Վրացական երազանքի» անդամները»։ Շարաշիձեի ելույթի ժամանակ նիստերի դահլիճում ֆիզիկական առճակատում սկսվեց «Վրացական երազանքի» պատգամավոր Իրակլի Խելաձեի և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության անդամ Գիգա Փարուլավայի միջև, ինչը վերածվեց ձեռնամարտի այլ պատգամավորների միջև։

Նմանատիպ