Գերմանիան և Նիդերլանդները Էստոնիայում ՆԱՏՕ-ի նոր ռազմական հրամանատարական կենտրոն են բացել
Գերմանիան և Նիդերլանդները Էստոնիայում բացել են ՆԱՏՕ-ի նոր ռազմական հրամանատարական կենտրոն։ Կենտրոնն իր գործունեությունն է սկսում Էստոնիայի Վալգա քաղաքում, որը գտնվում է Լատվիայի սահմանին։
Բացման արարողությանը ներկա են եղել Գերմանիայի, Նիդերլանդների, ինչպես նաև Էստոնիայի և Լատվիայի պաշտպանության նախարարները։
«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որպեսզի պաշտոնապես փոխանցենք «Հյուսիս-արևելք» բազմազգ կորպուսի պատասխանատվությունը առաջին գերմանա-նիդերլանդական կորպուսին։ Սա շատ ավելին է, քան պարզապես ռազմական արձանագրություն։ Սա ՆԱՏՕ-ի միասնության, պատրաստվածության և դաշնակիցների տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը պաշտպանելու մեր հավաքական որոշման ակնառու և հզոր դրսևորումն է»,- նշել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
Նոր հրամանատարական կենտրոնը կատարելու է ՆԱՏՕ-ի արևելյան թևի մի մասի տակտիկական շտաբի գործառույթ։ Առաջին գերմանա-նիդերլանդական կորպուսը կղեկավարի Էստոնիայում և Լատվիայում տեղակայված ՆԱՏՕ-ի բոլոր ուժերը, ինչպես նաև այս երկրների ազգային բանակների համապատասխան ստորաբաժանումները։
Շտաբը կղեկավարի ռազմական վարժանքների պլանավորումն ու կառավարումը, կնախապատրաստվի պոտենցիալ սպառնալիքներին և կհամակարգի տարածաշրջանի պաշտպանությունը Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակման դեպքում։ Երկրորդ հրամանատարական գոտու ստեղծումը դաշինքին թույլ է տալիս ավելի շատ զորք տեղակայել Մերձբալթյան երկրներում։ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը, որը 2022 թվականին ներխուժել է Ուկրաինա, հնարավոր է լայնամասշտաբ հարձակում գործի դաշնակիցների տարածքի վրա 2029 թվականին, եթե նա շարունակի սպառազինվել ներկայիս տեմպերով։ Կրեմլը հերքել է նման պլանները։