Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար. Վրաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի կայուն գործընկերն է
Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար. Վրաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի կայուն գործընկերն է

Վրաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի կայուն աջակիցն է,- այս մասին խոսվում է գրավոր զեկույցում, որը ԱՄՆ-ի սենատի զինված ուժերի կոմիտեին է ներկայացրել Եվրոպայում ԱՄՆ-ի զինված ուժերի հրամանատար, գեներալ Թոդ Ուոլթերսը:

Զեկույցում նշված է, որ Կրեմլը Հարավային Կովկասի երկրների վրա փորձում է ազդեցություն գործել մանիպուլյացիաներով, տարածաշրջանում լարվածության ավելացմամբ և ռազմական հակամարտություններով: Ինչպես նշված է ամերիկացի գեներալի հաշվետվության մեջ, «Կրեմլում համարում են, որ խրոնիկ ապակայունացումն այս շրջանում գերիշխելու համար կարևորագույնն է»: Զեկույցում մի քանի անգամ հիշատակվում է Վրաստանը:

«Ռուսաստանը Վրաստանի վրա ազդեցությունը պահպանում է Աբխազիան և «Հարավային Օսեթիան» օկուպացնելով: Այդ թվում՝ օկուպացված տարածքներից վարչական սահմանն առաջ քաշելով»,- կարդում ենք զեկույցում:

Գեներալը գրում է, որ ԱՄՆ-ի կայուն երկկողմ և բազմակողմ կապերի պահպանումը եվրոպացի դաշնակիցների և գործընկերների հետ միասին կօգնի Վաշինգտոնին և Եվրոպային ընդհանուր շահերն առաջ տանելու հարցում:

«Հարավային Կովկասում, որտեղ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են Վրաստանի շրջանների – Աբխազիայի և «Հարավային Օսեթիայի» բռնազավթումը, Վրաստանը կրկին մնում է ԱՄՆ-ի կայուն գործընկերը և ներդրում ունի գլոբալ անվտանգության գործում»,- ասվում է գեներալ Ուոլթերսի կողմից սենատ ուղարկված զեկույցում: