Եվրոպական հանձնաժողովի նոր նախաձեռնություն. Յուրաքանչյուր ոք, ով վարակվել է Covid-19-ով կամ պատվաստված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից լիազորված պատվաստանյութով, կկարողանա մեկնել Շենգենյան տարածք
Եվրոպական հանձնաժողովի նոր նախաձեռնություն. Յուրաքանչյուր ոք, ով վարակվել է Covid-19-ով կամ պատվաստված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից լիազորված պատվաստանյութով, կկարողանա մեկնել Շենգենյան տարածք

Յուրաքանչյուր ոք, ով վարակված է եղել Covid-19-ով կամ պատվաստված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից լիազորված պատվաստանյութով, կկարողանա մեկնել Շենգենյան գոտի,- համապատասխան նախագիծն այսօր ներկայացվել է Եվրոպական հանձնաժողովին։

Նախաձեռնության համաձայն՝ երրորդ երկրների քաղաքացիները կկարողանան մեկնել ԵՄ և Շենգենյան տարածք, եթե նրանք ամբողջությամբ պատվաստվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված պատվաստանյութերից որևէ մեկով կամ վարակված են եղել Covid-19: Բացի այդ, բոլոր ճանապարհորդները պետք է ներկայացնեն «ՊՇՌ» թեստ, որն անցկացվել է վերջին 72 ժամում։ Եվրահանձնաժողովը մտադիր է այս կանոնը կիրառել հունվարի 10-ից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից լիազորված պատվաստանյութերն են՝ «Moderna», «Pfizer», «Astrazeneca», «Sinopharm», «Sinovac», հնդկական «Covidshild» և «Kovaxin»։

Հիշեցնենք, որ մինչ այդ Եվրահանձնաժողովը հանդես էր եկել պատվաստումների համահավաստագրի վավերականությունը երկրորդ պատվաստումից ինը ամիս սահմանելու նախաձեռնությամբ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնում համարում են, որ Covid-19-ի պատվաստանյութի երկու դեղաչափը գործում է վեց ամիս:

Եվրահանձնաժողովից ասում են, որ նշված վեց ամիսներին կավելացնեն երեք ամիս, որպեսզի Եվրամիության քաղաքացիները հասցնեն պատվաստվել «բուստերով»:

Բացի այդ, նոր առաջարկի համաձայն՝ այն երկրների քաղաքացիներին, որտեղ Covid-19-ի տարածվածությունը ցածր է, ԵՄ կթույլատրվի մուտք գործել առանց պատվաստումների հաստատման։ Առաջին փուլում՝ 2022 թվականի հունվարի 10-ից փետրվարը կմեղմացվեն այն չափանիշները, որոնցով երկրները կընդգրկվեն «կանաչ կարգավիճակ» ունեցող պետությունների ցանկում։ Արդեն 2022 թվականի մարտի 1-ից «կանաչ պետությունների» ցուցակը նախատեսվում է ընդհանրապես վերացնել։

Եվրահանձնաժողովը պարզաբանում է, որ համապատասխան փոփոխությունը կապված է պատվաստումների առումով աշխարհում գրանցված առաջընթացի հետ։ Բացի այդ, Բրյուսելում ասում են, որ ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել այցելուի կարգավիճակին, այլ ոչ թե երկրի համաճարակաբանական իրավիճակին, որտեղից այն գալիս է: