Եվրոպացի սահմանապահները սկսել են աշխատել եվրամիության ոչ անդամ երկրներում
Եվրոպացի սահմանապահները սկսել են աշխատել եվրամիության ոչ անդամ երկրներում

Եվրամիության սահմանային ծառայության աշխատակիցները սկսել են աշխատել եվրամիության ոչ անդամ երկրներում: Մայիսի 22-ից «ֆրոնտեքսի» սահմանապահները հայտնվել են Ալբանիա-Հունաստան սահմանին: Ավելի ուշ եվրամիության սահմանապահ ծառայությունը աշխատանք կսկսի բալկանյան այլ երկրներում:

Ինչպես հայտարարել է ներգաղթի հարցերով եվրահանձնակատար, Դիմիտրիս Ավրոմոպուլոսը, եվրամիության սահմանային ծառայությունը պետք է ավելի մերձեցնի բալկանյան տարածաշրջանը եվրամիության հետ: Նրա խոսքով դա պատմական քայլ է ներգաղթը կարգավորելու համար:

Եվրամիությունը Ալբանիային օգնելու է նաև կազմակերպված հանցանքի դեմ պայքարում: Իր հերթին Ալբանիայի իշխանությունները հույս են հայտնում, որ եվրամիությանը անդամագրվելու վերաբերյալ բանակցությունները կսկսվեն 2019 թվականի հունիսին:

Ալբանիայից բացի եվրոպացի սահմանապահները հայտնվելու են Բոսնիայում, Հյուսիսային Մակեդոնիայում, Մոնտենեգրոյում և Սերբիայում: Այս երկրները գտնվում են այսպես կոչված բալկանյան ուղղու վրա, որտեղից 2015-16 թվականներին եվրամիության տարածքում են հայտնվել հազարավոր ներգաղթյալներ: