Եվրախորհրդարանը որոշել է Ադրբեջան և Ռուսաստան դիտորդներ չուղարկել
Եվրախորհրդարանը որոշել է Ադրբեջան և Ռուսաստան դիտորդներ չուղարկել

Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Այս մասին ասվում է ժողովրդավարության աջակցության և ընտրությունների համակարգման պատգամավորական խմբի համանախագահներ Դևիդ Մաքալիսթերի և Լինդա Մաքևենի հայտարարության մեջ, որը տեղադրվել է կառույցի պաշտոնական կայք էջին:

Փաստաթղթում նշվում է, որ Եվրախորհրդարանը չի հետևելու ընտրական գործընթացին, և, հետևաբար, չի մեկնաբանի ոչ գործընթացը, ոչ ընտրությունների արդյունքները:

Սա չի հանձնարարվել Եվրախորհրդարանի որևէ անդամի, հետևաբար, եթե որևէ եվրոպացի պատգամավոր որոշի ընտրություններին հետևել, նա դա կանի բացառապես սեփական նախաձեռնությամբ և ոչ թե Եվրախորհրդարանի անունից:

«Պաշտոնական ռուսական կազմակերպությունների՝ ճանապարհային և որոշ միջազգային դիտորդների տեղավորման ծախսերը հոգալու առաջարկը հակասում է դիտորդական հիմնարար էթիկային», – ընդգծել են պատգամավորները:

Ադրբեջանում ընտրությունների վերաբերյալ Եվրախորհրդարանի պաշտոնական դիրքորոշումը կներկայացվի ԵՄ և Բաքվի հարաբերությունների մասին զեկույցում, որը ամառային արձակուրդներից առաջ Եվրախորհրդարանի լիագումար նիստում պետք է ընդունվի:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018-ի մարտի 18-ին, իսկ Ադրբեջանում՝ 2018 թվականի ապրիլի 11-ին: