Երևանում կայանալու է Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը
Երևանում կայանալու է Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը

Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալու է Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը, որին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները:

Եվրասիական միության անդամ պետությունների ղեկավարներից բացի, հանդիպմանը դիտորդի կարգավիճակով մասնակցելու է Մոլդովայի նախագահը, իսկ պատվավոր հյուրի կարգավիճակով հրավիրված են Իրանի նախագահը և Սինգապուրի վարչապետը: Լրատվությունն այս մասին տարածում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ըստ Կրեմլի, հանդիպման մասնակիցները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության գործունեության ընթացիկ հարցերը, ինտեգրման գործընթացների զարգացման հեռանկարները և միասնական շուկայի գործունեության բարելավմանը վերաբերող թեմաները: Նախատեսվում է նաև ստորագրել ազատ առևտրի համաձայնագիր Եվրասիական միության և Սինգապուրի միջև:

Եվրասիական տնտեսական միության գերագույն խորհրդի նիստի շրջանակներում, Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանանի հետ: