Վրաստանի պաշտպանության ուժերը «Խաղաղության եվրոպական հիմնադրամից» կստանան 12,75 մլն եվրո օգնություն
Վրաստանի պաշտպանության ուժերը «Խաղաղության եվրոպական հիմնադրամից» կստանան 12,75 մլն եվրո օգնություն

Եվրամիության որոշմամբ Վրաստանի պաշտպանության ուժերը «Խաղաղության եվրոպական հիմնադրամից» կստանան 12,75 մլն եվրո օգնություն։

Ըստ ԵՄ արտաքին գործողությունների ծառայության՝ այս օգնությունը կբարձրացնի Վրաստանի պաշտպանության ուժերի հնարավորությունները, ներառյալ՝ ճգնաժամային կամ արտակարգ իրավիճակներում հայտնված քաղաքացիական անձանց ծառայություններ մատուցելու նրանց կարողությունը:

Մասնավորապես, օգնությունը տրամադրում է ոչ մահաբեր բժշկական և ինժեներական սարքավորումներ և քաղաքացիական տիպի շարժունակության միջոցներ:

ԵՄ-ի տվյալներով՝ 12,75 միլիոն եվրո օգնություն կտրամադրվի 36 ամսվա ընթացքում։ Ըստ ԵՄ դիվանագիտական ​​ծառայության՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար ԵՄ-ն նաև նպատակ ունի ուժեղացնել տեղական զինված ուժերի կարողությունները և փոխգործունակությունը՝ նպաստելու ընդհանուր անվտանգությանը, ինչպես նաև ռազմական պաշտպանական առաքելություններին և գործողություններին:

Օգնության շրջանակներում Մոլդովան կստանա 7 միլիոն եվրո, իսկ Ուկրաինան՝ 31 միլիոն եվրո։