Վրաստանի Առաջին ալիքը Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայից ձեռք է բերել բացառիկ հեռարձակման իրավունք #1TVSPORT
Վրաստանի Առաջին ալիքը Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայից ձեռք է բերել բացառիկ հեռարձակման իրավունք #1TVSPORT

Վրաստանի Առաջին ալիքը Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայից (FIBA) գնել է բասկետբոլի հանդիպումների հեռարձակման բացառիկ իրավունքը։ Համաձայն պայմանագրի՝ հեռուստադիտողները դիտելու են Վրաստանի հավաքականի բոլոր հանդիպումները աշխարհի և Եվրոպայի մոտակա առաջնությունների ընտրական մրցաշարերում։

2023 թվականի առաջնության ընտրական մրցաշարի առաջին հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին Վրաստանի և Ուկրաինայի հավաքականների միջև։ Հանդիսատեսը ուղիղ հեռարձակմամբ կդիտի Վրաստանի Առաջին ալիքով։

«Հանրային հեռարձակողի համար սպորտը նույն առաջնահերթությունն է, ինչ տեղեկացումն ու ճանաչողականությունը։ Առողջ ապրելակերպի խթանումը երիտասարդ սերնդի համար ավելի լավ ապագա է։ Սպորտային մեծ իրադարձությունները հենց այն ապրանքն են, որին մեր հեռուստադիտողը սպասում է Առաջին ալիքով։ Ոչ ոք չի կարող ասել, որ հեռարձակման միջազգային լիցենզիա ստանալը հեշտ է, խոսքը միայն ֆինանսների մասին չէ, այլ նաև գործընկերության՝ երկրի ներսում և դրսում։ Տարեկան առաջին ալիքը չորս միլիոն լարի է ծախսում միայն միջազգային արտոնագրերի վրա։ Կարևոր է նաև, որ սպորտային հեռարձակումը ալիքի համար կոմերցիոն հետաքրքրություն չէ, այլ ծառայում է երկրի ազգային հավաքականներին, մարզիկներին վրաց հանդիսատեսին հասցնելու նպատակին։ Երկրի ազգային և մարզական նվաճումները, հաղթանակներն իսկապես միավորում են մեզ բոլորիս»,- ասել է Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին։

Հանրային հեռարձակողը հեռուստադիտողին կառաջարկի բացառապես 2023 թվականի աշխարհի առաջնությունը, 2025 թվականի Եվրոբասկետը, ինչպես նաև կանանց աշխարհի գավաթը և Եվրոբասկետը։

Հանրային հեռարձակողն ավանդաբար հեռարձակում է սպորտային ամենակարեւոր իրադարձությունները։ Առաջին ալիքը նաև նախորդ տարիներին պայմանագիր ուներ FIBA-ի հետ, որով հեռուստադիտողներին կառաջարկվի 2022 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Հիշեցնենք, որ Եվրոբասկետ 2021-ը հետաձգվել է 2022 թվական՝ COVID-19 համաճարակի պատճառով։

Հիշեցնենք, որ Վրաստանի Առաջին ալիքը հեռուստադիտողներին կառաջարկի 2022 թվականի փետրվարի Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի հեռարձակումը։

Հանրային հեռարձակողը նաև արտոնագիր է գնել 2024 թվականի Փարիզի ամառային օլիմպիական խաղերը հեռարձակելու համար։