Վրաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին հյուրընկալել Թբիլիսիում. Գիորգի Գախարիա
Վրաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին հյուրընկալել Թբիլիսիում. Գիորգի Գախարիա

Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական դիմակայության վերաբերյալ տարածել է հայտարարություն և նշել, որ Վրաստանը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին հյուրընկալել Թբիլիսիում:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հերթական ռազմական առճակատման արդյունքում ստեղծվել է ծանր իրավիճակ, կան մեծ թվով զոհեր և, ցավոք, մինչ այժմ հնարավոր չէ ռազմական գործողությունների դադարեցում և երկխոսության վերսկսում:

Բոլորս էլ հասկանում ենք, որ իրավիճակի հետագա սրումը խիստ բացասական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա:

Մենք մեկ անգամ ևս կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին, առավելագույնս օգտվել իրենց հնարավորությունները, էսկալացիայի դադարեցման և երկխոսությունը վերսկսելու համար:

Ինչպես գիտեք, մեր երկիրը բարիդրացիական հարաբերություններ ունի երկու երկրների ՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ:

Պատմականորեն, Վրաստանում բնակվող մեր ադրբեջանցի և հայ քաղաքացիները միշտ մեծ դեր են խաղացել մեր երկրի, ինչպես նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանի զարգացման և ամրապնդման գործում: Միևնույն ժամանակ, նրանց խաղաղ գոյակցությունը լավ օրինակ է այն բանի, որ վրացիները, հայերն ու ադրբեջանցիները ներուժ ունեն ամբողջ Հարավային Կովկասը դարձնել խաղաղության և զարգացման տարածք:

Մեր ընդհանուր շահն է, հնարավորինս արագ խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Վրաստանը պատրաստ է ցանկացած ձևով նպաստել այս գործընթացին, այդ թվում երկխոսության կազմակերպման նպատակով, Թբիլիսիում հյուրընկալել հակամարտող կողմերի ներկայացուցիչներին»,- ասել է Գիորգի Գախարիան, որը պաշտոնական այցով գտնվում է Բրյուսելում: