Ողջունում եմ, որ մարդիկ օգտվում են արտահայտման ազատությունից, սակայն բռնության փաստերը անընդունելի են, կոչ եմ անում ցուցարարներին լինել հանգիստ. ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ
Ողջունում եմ, որ մարդիկ օգտվում են արտահայտման ազատությունից, սակայն բռնության փաստերը անընդունելի են, կոչ եմ անում ցուցարարներին լինել հանգիստ. ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ

ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունն արձագանքում է Վրաստանում շարունակվող բողոքի ցույցերին:

ԵԱՀԿ-ի տեղեկության մեջ ասվում է, որ այն բանից հետո, ինչ հաղորդվեց հոկտեմբերի 31-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցին, ոստիկանության հետ բախումների մասին, ԵԱՀԿ-ի հատուկ համակարգողը և ԵԱՀԿ-ի կարճաժամկետ ընտրական առաքելության ղեկավար Էլոնա Գեբրեա Խոջան և ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար, Պիա Կաուման կոչ են արել ցուցարարներին զերծ մնալ բռնությունից և կոչ են արել իշխանություններին հարգել հավաքների և արտահայտման հիմնարար ազատությունը:

«Եվս մեկ անգամ ասում ենք, որ հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին և, ընդհանուր առմամբ, պաշտպանվել են հիմնարար ազատությունները: Միևնույն ժամանակ, մտահոգությամբ հետևում ենք Վրաստանում տեղի ունեցող վերջին բողոքներին: Ողջունում եմ, որ մարդիկ օգտվում են արտահայտման ազատությունից, սակայն բռնության փաստերը անընդունելի են, կոչ եմ անում ցուցարարներին լինել հանգիստ: Միևնույն ժամանակ, ընդգծում ենք, որ ոստիկանությունը պարտավոր է զսպվածություն ցուցաբերել բողոքներին արձագանքելու համար: Իշխանությունների համար կարևոր է լսել ցուցարարներին և հարգել նրանց հիմնարար ազատությունները»,- ասել է Խոջան:

«Ես կոչ եմ անում բոլոր դերակատարներին, ներգրավվել կառուցողական երկխոսության մեջ, հաղթահարել առկա բևեռացումը և միասին աշխատել կայուն քաղաքական միջավայր ստեղծելու ուղղությամբ, միևնույն ժամանակ ուշադրություն դարձնելով միջազգային շահագրգիռ կողմերից ստացված հաղորդագրություններին: Ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնել կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ենթադրյալ ընտրախախտումների հետաքննության ներառական գործընթացում»,- ասել է Պիա Կաուման:

«Դիտարկելով վերջին քսան տարիների ընթացքում Վրաստանում անցկացված ընտրությունները և դրան հաջորդած քաղաքական զարգացումները, ես վստահ եմ, որ բոլոր շահագրգիռ կողմերը կցուցադրեն առավելագույն զսպվածություն և կցուցաբերեն բարձր պատասխանատվության զգացում և նվիրվածություն ընդհանուր շահերին,  ամրապնդելու ավելի ուժեղ ժողովրդավարական ինստիտուտները և հասարակության վստահությունը»,- ասել է գլխավոր քարտուղարի քարտուղար, Ռոբերտո Մոնտելլան:

Ըստ ԵԱՀԿ-ի, խորհրդարանական վեհաժողովը դիտորդական առաքելություն է ուղարկել Վրաստանում հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հետևելու նպատակով: ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ-ՕԴԻՐ-ի, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի համատեղ դիտորդական առաքելության հայտարարությամբ, ընտրությունների տեխնիկական ասպեկտները արդյունավետորեն կազմակերպվել էին` չնայած «կովիդ 19»-ի համավարակով առաջացած մարտահրավերներին:

«Այնուամենայնիվ, ընտրական հանձնաժողովում իշխող կուսակցության գերակայությունը բացասաբար է անդրադարձել նրանց անկողմնակալության և անկախության ընկալման վրա, հատկապես ավելի ցածր մակարդակում:

Հանրային խորհրդակցության արդյունքում ընտրություններն անցկացվել են էապես փոփոխված իրավական շրջանակում, որը որոշ փոփոխություններ է մտցրել ժողովրդավարական ընտրությունների անցկացման մեջ, սակայն թերությունները վերացնելու համար անհրաժեշտ են հետագա ջանքերը», – ասված է հայտարարության մեջ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընթանում է հաշվարկի գործընթացը տեղամասային ամփոփ արձանագրությունների ճշտման և հստակեցման նպատակով: 2020 թվականի նոյեմբերի 8-ի դրությամբ շրջանային ընտրական հանձնաժողովներում 24 տեղամասերի արդյունքներն արդեն հաշվված են»,- ասված է ԵԱՀԿ-ի հայտարարության մեջ: