Վիրահայոց թեմում ազդարարվել է Հիսուս Քրիստոսի Հարության ավետիսը
Վիրահայոց թեմում ազդարարվել է Հիսուս Քրիստոսի Հարության ավետիսը

Հայ առաքելական եկեղեցու տոնացույցով այսօր Ավագ շաբաթն է: Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարությանը նախորդող շաբաթը կոչվում է «Ավագ» կամ «Մեծ», քանի որ այն մեզ ավանդում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի ամենակարևոր շրջանը` վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, մահը և հարությունը:

Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում այսօր երեկոյան մատուցվել է Ճրագալույցի պատարագ, որի ավարտին ազդարարվել է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի: Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»: Այս ավետիսով ավարտվել է 48 օր առաջ սկսված Մեծ պահքը, որը լուծվում է ձկով, ձվով և յուղով:

Վերջում օրհնվել է կրակը, որից հետո ներկաները խորանի մոմից վառել են իրենց մոմերը և տարել իրենց տները՝ լուսավորելու համար աշխարհը լուսավորող Քրիստոսի լույսով:

Նշենք, որ վաղը, Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու Վիրահայոց թեմի բոլոր գործող եկեղեցիներում 11:00-ին կմատուցվի Հարության պատարագ: