Վիրահայոց թեմը հոգևոր ծիսակատարությունները և արարողությունները կիրականացնի փոփոխված ձևաչափով
Վիրահայոց թեմը հոգևոր ծիսակատարությունները և արարողությունները կիրականացնի փոփոխված ձևաչափով

Վրաստանում հայտարարված արտակարգ դրությունից և գործող սահմանափակումներից ելնելով, Վիրահայոց թեմը հոգևոր ծիսակատարությունները և արարողությունները կիրականացնի փոփոխված ձևաչափով: Այս մասին հայտարարել է Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը՝ հատուկ տեսաուղերձի միջոցով:

Ինչպես նշվում է ուղերձում, թեմի պաշտոնական կայքէջում և ֆեյսբուքյան էջում կտեղադրվի կիրակնօրյա Սուրբ Պատարագների խորհուրդների քարոզչությունը, որը կներկայացնի Վիրահայոց թեմի առաջնորդը:

«Ծաղկազարդի տոնի, Ավագ շաբաթվա բոլոր օրերի խորհուրդները և Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությանը նվիրված արարողությունները, նույնպես կկատարվեն եկեղեցիներում, փակ վիճակում, որոնց հավատացյալները կարող են ունկնդրել եկեղեցու մերձակա տարածքում՝ բարձրախոսների միջոցով կամ դիտել տանը առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ»,- հայտարարել է Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Վիրահայոց թեմի առաջնորդի տեղապահը վիրահայերին կոչ է արել, պահպանել հանգստություն և աղոթել տանը: