Թուրքիայում վերացվել է արտակարգ դրության ռեժիմը
Թուրքիայում վերացվել է արտակարգ դրության ռեժիմը

Թուրքիայում վերացվել է արտակարգ դրության ռեժիմը: Տեղեկությունն այս մասին տարածում է Թուրքիայի պետական լրատվականը:

Երկրում արտակարգ դրություն էր հայտարարվել 2016 թվականի հուլիսին՝ պետական հեղաշրջման փորձից հետո: Դրանից հետո այն երկարաձգվել էր 7 անգամ և ընդհանուր տևել երկու տարի:

Արտակարգ դրության ռեժիմի ընթացքում Թուրքիայում ձերբակալել են մոտ 160 հազար մարդու, նրանցից 50 հազարին պաշտոնապես առաջադրվել է մեղադրանք և սահմանվել կալանավորում: 160 հազար հանրային աշխատակցի ազատել են աշխատանքից: Ինչպես նաև փակվել է ավելի քան 150 լրատվամիջոց, 1400 ոչ կառավարական կազմակերպություն և 15 համալսարան:

Թուրքիայում արտակարգ իրավիճակը չեղարկվել է արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումից մեկ ամիս անց: Ընտրությունների արդյունքում Թուրքիան անցել է կառավարման նախագահական ձևի, որի հետևանքով ընդլայնվել են Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրավասությունները: