Թուրքական ԶՈւ-ն հարվածել է Սիրիայի Աֆրին շրջանի քրդական դիրքերին
Թուրքական ԶՈւ-ն հարվածել է Սիրիայի Աֆրին շրջանի քրդական դիրքերին

Թուրքիայի զինված ուժերը կրակ են արձակել Սիրիայի հյուսիսում գտնվող քուրք զինյալների դիրքերին, այս մասին հայտնում է թուրքական Anadolu կայքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ գնդակոծության է ենթարկվել սիրիական Աֆրին շրջանը, որը գտնում է քրդական ազգային ջոկատների (PYD/YPG) վերահսկողության տակ:

Հայտնի է նաև, որ Թուրքիան մեծ քանակությամբ նոր զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին:

Կայքը նկատում է, որ Աֆրինին հարվածելուց ժամեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սպառնացել էր Սիրիայի քրդական ջոկատներին՝ հայտարարելով, որ նրանց վերացնելն իրենց համար «մեկ շաբաթվա գործ է»:

Նման հայտարարություն Էրդողանը կատարել էր ի պատասխան PYD/YPG ջոկատների այն հայտարարության, ըստ որի` իրենք պատրաստվում են Սիրիայի հյուսիսում ստեղծել առանձին՝ «Հյուսիսային բանակ» և որ ամերիկացի զինվորականները Սիրիայում շարունակում են մնալ իրենց իսկ պահանջով ու խնդրանքով:

Էրդողանը դեռևս ամիսներ առաջ շեշտել էր, որ Թուրքիան չի կարող անտեսել սիրիական Աֆրինի ու Իդլիբի նահանգների կողմից իրենց սահմանների համար եղած վտանգը ու անհրաժեշտության դեպքում չի վարանի անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

Աֆրինի հարցը քննարկման էր դրվել նաև սիրիական հիմնախնդրի շուրջ Սոչիում անցկացված եռակողմ ՌԴ-Իրան-Թուրքիա համաժողովին: